Համավարակի օրերին, երբ մի փոքր մեղմացան սահամանափակումները, զբոսաշրջային ընկերությունները փորձում էին պահպանել բնականոն գործունեությունն ու կապը զբոսաշրջության սիրահարների հետ։ Պատերազմը փակեց բոլոր դռները։ Թերևս՝ ժամանակավորապես։ Սակայն նոր մարտահրավերները նոր մտահղացումների առիթ դարձան։ Զբոսաշրջային առաջատար ընկերություններից մեկը՝ One Way Tour-ը, պատերազմի օրերին դարձավ կարի արտադրամաս։ Այս օրերին զբոսաշրջային ընկերության գրասենյակում կամավորները առաջնագծի մարտիկների համար անձրևանոցներ ու գլխարկներ են կարում։
Կամավորներին ուղղորդում են նախաձեռնությանը միացած հմուտ դերձակները։ Ընկերության տնօրեն ՄԱԹԵՎՈՍ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ կամավորները հեշտությամբ սովորում են և բավական լավ արդյունքներ գրանցում։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված առաջնագիծ ուղարկվող տեսականու ընտրությունը, ընկերության տնօրենը պատասխանեց, որ այդպիսին է նախնական պատվերը, հետագայում փորձելու են կարել նաև զինվորական ժիլետներ, գուցե նաև ձեռնոցներ։
Կարի արտադրամասը աշխատում է շաբաթը 6 օր, ժամը 11-20-ը, երեք ժամը մեկ հերթափոխ է նախատեսված, սակայն կամավորները հաճախ սահմանված ժամից ավելի են աշխատում։
Այնքան սպասված խաղաղության հաստատումից հետո One Way Tour-ը վերսկսելու է իր նախնական գործունեությունը. չեն ուզում, որ զբոսաշրջության ոլորտում իրենց ներդրած ջանքերը ջուրն ընկնեն։
Դեպի Արցախ զբոսայցերից էլ խոսեցինք։ Մաթևոս Բարսեղյանն ասաց, որ համավարակի ընթացքում, երբ թույլատրվեց այցը Արցախ, առաջիններից մեկն էին, որ խմբեր տարան այդ ուղղությամբ։ Իսկ անցյալ տարի դեպի Արցախ ամենաշատ տուրեր կազմակերպած ընկերություններից են եղել, 3000-ից ավելի զբոսաշրջիկի են ուղեկցել Արցախ։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ